Back

ⓘ Մօրիս Ռաւէլ




Մօրիս Ռաւէլ
                                     

ⓘ Մօրիս Ռաւէլ

Ֆրանսացի երգահան-իմփրեսիոնիստ, նուագավար Մօրիս Ռաւէլ ծնած է 1875 թ. Մարտ 7-ին։ Ան 20-րդ դարու խոշորագոյն արուեստագետներէն է, դաշնամուրային նոր ոճի սկզբնաւորողներէն, երաժշտութեան մէջ զարգացուցած է իմփրեսիոնիզմի սկզբունքները։ Մօրիս Ռաւէլի հայրը զուիցերիացի էր, մայրը՝ պասքացի։ 1882 թ. աշակերտած է Անրի Կիզին դաշնամուր, 1887 թ.՝ Շառլ Ռընէին ներդաշնակագիտութիւն։ 1905 թ. աւարտած է Փարիզի երաժշտանոցի դաշնամուրի դասատու՝ Շառլ Ուիլֆրիտ տը Պերիօ եւ ստեղծագործական դասատու՝ Գաբրիէլ Ֆօրէ բաժինները։ Անոր վաղ շրջանի գործերը կրեր են Էրիք Սաթիի, Քլօտ Տեպիւսիի, Նիքոլայ Ռիմսքի-Քորսաքովի, Մոտեսթ Մուսորկսքիի, Ալեքսանդր Պորոտինի ազդեցութիւնը: 1900-ական թուականներուն ճանչցուած է երաժշտական փոքր ստեղծագործութեանց վարպետ։ 1905-1914 թուականներուն՝ ստեղծագործական առաւել բեղուն շրջանին, հաստատուեր են Ռաւէլի արուեստի սկզբունքները, բիւրեղացեր է անոր ինքնատիպ, վառ ու գունեղ ոճը։1915–1917 թթ. ան կամաւոր մասնակցած է Առաջին համաշխարհային պատերազմին 1914–1918 թթ.։ 1917 թուականին Ռաւէլ գրած է "Կուպերէնի դամբարանը" դաշնամուրային շարքը, որ նուիրած է պատերազմին զոհուած իր ընկերներու յիշատակին։ Յետպատերազմեան տարիներուն նուագայարդարն իր ստեղծագործութեան մէջ առաւել կարեւորած է տրամաթիկական խստաշունչ կերպարներու դերը, աւելի զուսպ դարձուցած արտայայտման եղանակը։ Իբրեւ դաշնակահար եւ նուագավար՝ Ռաւէլ մեծ յաջողութեամբ ելոյթներ ունեցած է Եւրոպայի, ԱՄՆ-ի եւ Քանատայի մէջ։ Դաշնամուրային նոր՝ իմփրեսիոնիստական ոճի ստեղծագործութիւններէն են "Ջուրի խաղը" երաժշտական երկը, "Արտացոլումներ" եւ "Գիշերային տեսիլներ" շարքերը։ "Սպանական ժամ", "Մանուկն ու հրաշքը" օփերաներուն, "Բնական պատմութիւններ" վոկալ շարքին մէջ դրսեւորուած են անոր նուաճումները երաժշտական արտասանութեան ոլորտին մէջ։ "Դափնէ եւ Քլովէ", "Վալս", "Պոլերօ" պալէներով եւ նուագախմբային "Սպանական ռափսոտիայով" Ռաւէլ ճանչցուած է տաղանդաւոր սիմֆոնիստ եւ գործիքաւորման չգերազանցուած վարպետ լաւագոյններէն է նաեւ Մ. Մուսորկսքիի "Պատկերներ ցուցահանդէսէն" դաշնամուրային սիւիթներու շարքի նուագախմբային փոխադրումը։ 1925 թ. Ռաւէլ ավարտած է "Մանուկն ու հրաշքը" նորարարական օփերան, ուր առաջին անգամ օգտագործած է իր ստեղծած գործիքը՝ էլիոֆոնը նմանակած է քամիի ձայները։ 1932 թ. ան անուանի դաշնակահարուհի Մարկըրիթ Լոնկի հետ հիւրախաղերով շրջագայած է Եւրոպայի մէջ։ Ինքնաշարժի վթարի պատճառով անաւարտ թողած է "Ժանն տ՛Արք" պալէն։ Երգահանն իր վերջին՝ "Երեք երգ" ստեղծագործութիւնը գրած է "Տոն Քիխոթ" ֆիլմի 1933 թ. գլխաւոր դերակատար, ռուս նշանաւոր երգիչ Ֆեոտոր Շալիափինի համար։ Ռաւէլի երկերուն մեծ մասը սերտօրէն կ՛առնչուի սպանական թեմատիկային եւ երաժշտութեանը։ Անոր գործերուն բնորոշ է պարային ժանրերու եւ ռիթմերու ուրոյն վերաիմաստաւորումը։ Ճազային երաժշտութեան տարրեր կան ձախ ձեռքին համար գրած դաշնամուրի քոնչերթոյի մէջ նվիրած է պատերազմին աջ ձեռքը կորսնցուցած աւստրիացի դաշնակահար Փաուլ Վիթկենշթայնին եւ ջութակի ու դաշնամուրի սոնաթին մէջ։ Կեանքի վերջին տարիներուն ծանր հիւանդութռան պատճառով գրեթէ չէ ստեղծագործած։ Ռաւէլ եղած է Օքսֆորտի համալսարանի պատուաւոր տոքթոր 1928 թ.:

                                     

1. Հիմնական ստեղծագործութիւնները

  • Համերգ № 1 սոլ մաժոր դաշնամուրի եւ նուագախումբի համար
  • "Պոլերօ" սիմֆոնիկ նուագախումբի համար 1928
  • "Արտացոլումները" դաշնամուրի համար 1905
  • "Պաւան Ինֆանթայի մահուան կապակցութեամբ" 1899
  • "Մանուկը եւ կախարդանքը", օփերա 1925
  • "Գիշերային Գասպար", կամ "Գիշերուան ուրուականները" դաշնամուրի համար 1908
  • "Դափնէ եւ Քլովէ", պալէ 1912
  • "Գնչուհի", համերգային ռափսոտիա ջութակի եւ դաշնամուրի նուագախումբի համար 1924
  • "Սպանական ռափսոտիա" սիմֆոնիկ նուագախումբի համար 1907
  • "Սպանական ժամ", օփերա 1907
  • "Ջուրի խաղը" դաշնամուրի համար 1901
  • "Կուպերէնի շիրիմը" 1917
  • Համերգ № 2 րէ մաժոր դաշնամուրի միայն ձախ ձեռքով եւ նուագախումբի համար, նուիրված է Փաուլ Վիթկենշթայնին