Back

ⓘ Գարեգին Խաժակ




Գարեգին Խաժակ
                                     

ⓘ Գարեգին Խաժակ

Գարեգին Խաժակ, Գիւմրի, Երեւանի նահանգ, Կովկասի Փոխարքայութիւն, Ռուսական Կայսրութիւն - 1915, Տիարպեքիր, Թուրքիա), հրապարակախօս, խմբագիր, հասարակական-քաղաքական գործիչ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան անդամ։

Ծնած է Ալեքսանդրապոլ։ Ընտանիքը կոչուած է Չաղաշ Օղլի, որ ապա վերածուած է Խաժակի։

Նախնական ուսումը իր ծննդավայրը ստանալէ ետք՝ յաճախած է Էջմիածինի Գէորգեան ճեմարանը 1883-1886։ Այնուհետեւ, եօթը տարի ուսուցչական պաշտօն վարած է Բագուի, Գանձակի եւԱգուլիսի ծխական դպրոցներու մէջ։

Մայիս 1887ին իր առաջին յօդուածը՝ "Գաւառացի երիտասարդութիւն", հրատարակած է "Մշակ" ի մէջ։ Յետոյ աշխատակցած է "Մուրճ" ին եւ "Տարազ" ին։

1893-ին անցնելով Ժընեւ, աւարտած է տեղւոյն համալսարանին հասարագիտական բաժինը։ Աղեքսանդրիա Եգիպտոս մեկնած է իբրեւ գործիչ։ Տարի մը ետք, անցած է Իզմիր 6 ամիս եւ Պոլիս 2 տարի։ Ութամսեայ բանտարկութենէ ետք, աքսորուած է հայրենիք, կրկին նետուելով ուսուցչական ասպարէզի։ Երկու տարի դասաւանդած է Շուշիի թեմական դպրոցին մէջ։

Ամուսնացած է եւ 1903-ին Թիֆլիս տեղափոխուելով կարգուած՝ "Մշակ" թերթի խմբագիր, յաջորդ տարին ուսուցիչ՝ Ներսէսեան դպրոցի պատմութիւն, ֆրանսերէն եւ քաղաքական տնտեսութիւն

1906-ին, երբ հնարաւոր դարձած է ընկերվարական ոգիով թերթեր հրատարակել, Աւետիս Ահարոնեանի եւ Եղիշէ Թօփչեանի հետ միասին հիմնած է "Յառաջ", "Ալիք", եւ այլ թերթեր։ 1908-ին ձերբակալուելէ եւ վեց ամիս բանտ մնալէ ետք, երաշխաւորութեամբ ազատ արձակուած է։ Ինը ամիս ետք վերստին ձերբակալուած է, տարուան մը չափ բանտային կեանք բոլորելով Թիֆլիս, Բագու, Ռոստով եւ Նովոչէրքասք։ 1912-ի ամրան Ահարոնեանին հետ Պոլիս կու գայ եւ 1913-ին Սամաթիոյ ազգային վարժարանի տնօրէնութիւնը կը ստանձնէ։

1896-ին հրաճարակած է "Մի բարոյական այլանդակութիւն յեղափոխական մաքուր գործում" եւ "Ժողովուրդի բանաստեղծը Քամառ Քաթիպա", 1904-ին՝ "Հարկերը Տաճկաստանում", "Հայրենիք եւ ազգ շարժումներ", "Հայկական շարժման պատճառները", 1905-ին՝ "Ռուսական Զեմսդվօն եւ Կովկասի պահանջները", 1907-ին՝ "Դէպի ֆէտէրացիա", 1912-ին՝ "Ի՞նչ է ազգութիւնը", "Տառապանքի գիշերը", 1913-ին՝ "Ի՞նչ է դասակարգը", "Հին արեւելք", "Հայոց պատմութիւն": Ունի թարգմանական գործեր եւ թատերական երկեր։ Ճանչցուած է իբրեւ բեմբասաց եւ գրագէտ։ Գրական իր ծածկանունը եղած է "Պապա Գասպար":

Ապրիլ 24, 1915ին ձերբակալուած է թուրք ոստիկանութեան կողմէ, այնուհետեւ աքսորուած ու սպաննուած։