Back

ⓘ Մանոս Խածիտաքիս




                                     

ⓘ Մանոս Խածիտաքիս

Մանոս Խածիտաքիս, յուն․՝ Μάνος Χατζιδάκις, 23 Հոկտեմբեր 1925 – 15 Յունիս 1994 Աթէնք․ միջազգային համբաւի արժանացած նշանաւոր յոյն յօրինող, Օսքար մրցանակի դափնեկիր, բանաստեղծ, երգահան, խմբավար եւ դաշնակահար։ Գործերուն մեծ մասը, այսօր ճանչցուած են իբրեւ դասական։

                                     

1. Կենսագրութիւն

Մանոս Խածիտաքիս ծնած է 1925-ին, Քսանթի. hայրը Ղիորղոս Խածիտաքիս` Կրետացի, իսկ մայրը Ալիքի Արվանիթիտու` Ատրիանուպոլսէն արեւելեան Թրակիա։ Փոքր տարիքէն, 4 տարեկան, կը սկսի դաշնակի դասեր․ ուսուցչուհին է հայազգի դաշնակարուհի Աննա Ալթունեան։ Երբ ծնողքը կ՛ամուսնալուծուի, մօրը հետ Աթէնք կը տեղափոխուին 1932։ 1938-ին հայրը օդանաւի արկածի զոհ կ՛երթայ։ Հօրը մահը եւ անոր յաջորդող Բ․ Համաշխարհային Պատերազմը, ընտանիքը տնտեսական նեղ վիճակի կը մատնեն։ Խածիտաքիս իր ապրուստը կը ճարէ աշխատելով իբրեւ՝ գործաւոր Փիրէայի նաւահանգիստը, սառոյց ծախող գարեջուրի "Ֆիքս" գործարանին մէջ, պաշտօնեայ Աթէնքի Մեղալոիքոնոմոս Μεγαλοκονόμος լուսանկարչատան մէջ եւ օգնական հիւանդապահ "401 Զինուորական Հիւանդանոց" ին մէջ։

Այս ժամանակամիջոցին 1940 – 1943, Մենելաոս Փալանտիոսին մօտ կ՛ուսանի առաջացեալ երաժշտական տեսութիւն, ընդլայնելով երաժշտական գիտելիքները։ Միաժամանակ, Աթէնքի Համալսարանին մէջ կը հետեւի Փիլիսոբայութեան դասերու։ Կապեր կը հաստատէ ուրիշ երաժիշտներու, գրագէտներու եւ մտաւորականներու հետ․ ինչպէս օրինակ՝ գրագէտ եւ բանաստեղծ Նիքոս Կացոս Νίκος Γκάτσος, նկարիչ Եաննիս Ցարուհիս Γιάννης Τσαρούχης ծնած Փիրէա եւ Նոպել մրցանակի դափնեկիրներ՝ բանաստեղծ Եորղոս Սեֆերիս Γιώργος Σεφέρης ծնած Իզմիր, գրագէտ Օտիսէաս Էլիթիս Οδυσσέας Ελύτης ծնած Կրետէ, քնարերգակ բանաստեղծ Ակելոս Սիքելիանոս Άγγελος Σικελιανός ծնած Լեֆքատա։ Գերմանական բռնագրաւման ընթացքին մաս կը կազմէ Յունական Դիմադրութեան Εθνική Αντίσταση, ուր կը ծանօթանայ եւ կը բարեկամանայ Միքիս Թէոտորաքիս Μίκης Θεοδωράκης յօրինողին հետ։

                                     

2.1. Գործունէութեան ընթացք Առաջին գործերը

Առաջին անգամ հանրութեան կը ներկայանայ 1944-ին, 19 տարեկան հասակին․ կը յօրինէ Ալեքսիս Սոլոմոսի "Վերջին Ճերմակ Աքլորը" Ο Τελευταίος Ασπροκόρακας կատակերգութեան երաժշտութիւնը, իսկ Քարոլոս Քունի "Արուեստի Թատրոն" ին մէջ կը հետեւի դերասանութեան դասերու։ Առաջին գործը, որով իր տաղանդը կը սկսի ճանչցուիլ, "Թուղթէ Լուսնակը" Χάρτινο το Φεγγαράκι երգն է։ Իսկ իր առաջին դաշնակի գործով "Փոքրիկ ճերմակ ծովախեցիի մը համար" 1947 եւ 1949-ին Ռեպեթիքոյի մասին տուած իր առասպելական ճառով, Խածիտաքիս կը ցնցէ Յունաստանի երաժշտական շրջանակները ու կը շահի համակրանքը Ռեպեթիքոյի հանրածանօթ յօրինողներու՝ Մարքոս Վամվաքարիս Μάρκος Βαμβακάρης եւ Վասիլիս Ցիցանիս Βασίλης Τσιτσάνης ։

  • Ռեպեթիքօ ՝ քաղաքային-ժողովրդային երգը, "կը ծնի" 19-րդ դարու վերջաւորութեան․ շնորհիւ Փոքր Ասիայէն եկած գաղթականներուն, նախ կը զարգանայ Յունաստանի քաղաք-նաւահանգիստներուն մէջ Փիրէա, Սելանիկ, Վոլօ, ուր կ՛ապրի ռամիկ բնակչութիւն՝ բանուոր, արհեստաւոր․․ եւ ապա՝ քաղաքային "կապելա" կոչուած կեդրոնները։

1950-ին, Ռալու Մանուին հետ կը հիմնեն "Յունական Թատրոնի եւ Պարի Միութիւն" ը։ Կը ներկայացնէ չորս պարագիրներ՝ "Մարսիաս" Μαρσύας 1950, "Վեց ժողովրդային գծագրութիւններ" Έξι Λαϊκές Ζωγραφιές 1951, "Անիծեալ օձը" Το Καταραμένο Φίδι 1951 եւ Ամայութիւն Ερημιά 1958։

Կը մերձեցնէ երաժշտական տեսութիւնը կիրառութեան հետ եւ դասական Ռեպեթիքօն դաշնակի վրայ կը յարմարցնէ՝ "Վեց ժողովրդային գծագրութիւններ" Έξι Λαϊκές Ζωγραφιές գործով 1951։

                                     

2.2. Գործունէութեան ընթացք Համբաւի արժանացում

1955-ին Մանոս Խածիտաքիս կը սկսի աշխուժ ստեղծագործական գործունէութիւն մը։ Կը յօրինէ երկու ուղղութեամբ․ զանազան թատերախաղերու եւ ժապաւէններու ամէն տեսակի՝ ողբերգութիւն - կատակերգութիւն երաժշտութիւնը ու բազմաթիւ երաժշտական գործեր․-

  • Թատերախաղեր՝ Պրեխթի Brecht "Կովկասեան կաւիճին Շրջանակը" The Caucasian Chalk Circle 1956, Արիստոֆանիսի "Լիսիսթրաթի" Λυσιστράτη 1957 եւ "Թռչունները" Όρνιθες 1958, Էվրիփիտիսի Ευριπίδης "Միտիա" Μήδεια 1958, Քապանելիի "Անանուն պատմութիւն" Παραμύθι χωρίς όνομα 1959, եւայլն։
  • ժապաւէններ՝ "Սթելա" Στέλλα, "Սէր, որ երկսայր դանակի վերածուեցար" Αγάπη που γινες δίκοπο μαχαίρι 1955, "Երգիոն, աղքատութիւն եւ պատուախնդրութիւն" Λατέρνα, φτώχεια και φιλότιμο 1955, "Հրէշը" Ο δράκος 1956, եւ շատ ուրիշ։

1959-ին կ՛արժանանայ Յունական Պետական Ռատիոկայանին կողմէ կազմակերպուած "Յունական Երգի առաջին Փառատօն" ի առաջին մրցանակին "Իմ սէրս տեղ մը կը գտնուի" Κάπου υπάρχει η αγάπη μου երգով, որ կը մեկնաբանէ Նանա Մուսխուրին Νάνα Μούσχουρη ։

1960 տարին եւ անոր յաջորդող տարիները, կը յատկանշուին իբրեւ Մանոս Խածիտաքիսին մրցանակներու եւ միջազգային համբաւի արժանանալու տարիներ։

  • Նոյն տարին, հետեւեալ հեղինակներուն թատերախաղերուն երաժշտութիւնը կը յօրինէ․ Ժան Անուիյի Jean Anouilh "Էվրիտիքի" Eurydice, Թենեսի Ուիլիամսի Tennessee Williams "Երիտասարդութեան Անուշ Թռչունը" Sweet Bird of Youth Ակելոս Սիքելիանոսի Άγγελος Σικελιανός "Տիղենիսին մահը" Ο θάνατος του Διγενή, Տիմիդրիոս Քորոմիլասի Δημήτριος Κορομηλάς "Մարուլային բախտը" Η τύχη της Μαρούλας եւ շատ ուրիշ, ինչպէս նաեւ յօրինումներ բազմաթիւ ժապաւէններու համար․ օրինակ՝ "Մատալենա" Μανταλένα, "Ալիքին նաւատորմին մէջ" Η Αλίκη στο ναυτικό, "Ժամադրութիւն՝ Քերքիրա" Ραντεβού στην Κέρκυρα, եւայլն։
  • Յունական Երգի Բ․ Փառատօն՝ երկու երգերու համար առաջին մրցանակ․ "Քիփարիսաքի" Κυπαρισσάκι եւ "Պատիժ" Τιμωρία Նանա Մուսխուրիի մեկնաբանութեամբ։
  • Սելանիկի Յունական Շարժապատկերի Փառատօն՝ երաժշտութեան յօրինումի մրցանակ "Գետը" Ποτάμι ժապաւէն։
  • 1962-ին, կ՛արտադրէ "Երազներու Ճամբան" Οδός Ονείρων երաժշտական ներկայացումը, ։ 1964-ին կը հիմնէ եւ կը խմբավարէ "Աթէնքի Փորձառական Նուագախումբ" ը 1964-66։ Նոյն շրջանին կը գործակցի Մորիս Պեժառին Maurice Béjart հետ՝ ֆրանսացի պարող, պարագիր եւ օփերայի վարիչ․ Արիստոֆանիսին "Թռչունները" Όρνιθες կատակերգութիւնը Պրիւքսէլ կը ներկայացուի "20-րդ դարու բեմապար" Ballet du xx e siècle ընկերութենէն։ Նոյն տարին, կը հրապարակէ իր գլուխ գործոցներէն "Ճոքոնթային ժպիտը" Το χαμόγελο της Τζοκόντας, յատկապէս յօրինուած Ժաքլին Տանոյին համար Փարիզ։
  • 1961-ին Օսքար մրցանակին դափնիկիրը կը հանդիսանայ Ժապաւէնի լաւագոյն յօրինում "Փիրէային Տղաքը" Τα παιδιά του Πειραιά երգին համար․ "Երբեք Կիրակի Օրը" Ποτέ την Κυριακή ժապաւէն, Ժիւլ Տասենի բեմադրութեամբ։


                                     

2.3. Գործունէութեան ընթացք Արտասահման

1966-ին Նիու Եորք կը ճամբորդէ հռչակաւոր Պրոտուէյի Broadway theatre բեմէն "Իլիա Սիրելիս" Illya Darling առաջին երաժշտական ներկայացման համար "Երբեք Կիրակի Օրը" ժապաւէնի վերածումը երաժշտական ներկայացման ։ Առժամեայ՝ Նիու Եորք կը հաստատուի մօրը հետ։

Ամերիկա բնակման շրջանին՝ վեց տարի, ան կը շփուի "փոփ" եւ "ռոք" ամերիկեան երաժշտական բեմին հետ։ Կը գործակցի "New York Rock and Roll Ensemble" նուագախումբին հետ։ Այս գործակցութեան արդիւնքն է "Ցոլացումներ" "Reflections" 1970 ձայնապնակի ձայնագրումը "Ցոլացումներ" "Reflections" ։ Կը ճամբորդէ Փարիզ, Լոնտոն, Թեհրան, եւ ուրիշ տեղեր։ Միաժամանակ կը շարունակէ յօրինել զանազան բանաստեղծութիւններ եւ կամ ժապաւէններու երաժշտութիւնը, ինչպէս օրինակ՝ Սիլվիօ Նարիծանոյի Silvio Narizzano "Կապոյտ" Blue ժապաւէն, Նիքոս Կացոսի "Ամորղոս" Αμοργός բանաստեղծութիւն, եւայլն։

                                     

2.4. Գործունէութեան ընթացք Վերադարձ Յունաստան

1972 Յուլիսին, Յունաստան կը վերադառնայ։ Յաջորդող տարիները, մինչեւ մահը, կը սեպուին Խածիտաքիսի ասպարէզին ամենահասուն շրջանը։

1972-ի աշնան կը ձայնագրէ երգերու ամբողջութիւն մը "Մեծ Տարփալիցը" Ο Μεγάλος Ερωτικός պիտակին տակ։ 1973-ին կը հիմնէ "Փոլիթրոփօ" Πολύτροπο թատրոն-սրճարանը։

1975-82 կը վարէ Տնօրէնութիւնը՝ "Աթէնքի Պետական Նուագախումբ" ին եւ "Յունական Ռատիոկայանի Երրորդ Յայտագիր" ին Τρίτο Πρόγραμμα, ինչպէս նաեւ՝ "Յունաստանի Ազգային Օփերա" յին Εθνική Λυρική Σκηνή ընդհանուր փոխ-տնօրէնութիւնը։ Իր հիանալի ծառայութիւնը "Յունական Ռատիոկայանի Երրորդ Յայտագիր" ին մէջ 1975-1982, կը յատկանշուի բարձր որակի եւ սփռումներու զանազանութեամբ, նաեւ բազմազան մշակութային ձեռնարկներով, որոնք կը կատարուին Աթէնքի եւ ուրիշ քաղաքներու մէջ։

Կը հրապարակէ․ 1978-ին "Անտրամաբանական" Τα παράλογα գործը, 1980-ին՝ "Մելիսանթիին ժամանակաշրջանը" Η εποχή της Μελισσάνθης քաղաքական բնոյթի ինքնակեսնագրութիւն մըն է, որ կը ներառնէ 1941-1951 Յունաստանի տակնապալի տասնամեակը, 1983-ին՝ "Աթինաս ճամբուն Գեղօնները" Οι μπαλάντες της οδού Αθηνάς, 1986-ին՝ "Խաւարամած Մայրը" Σκοτεινή Μητέρα, իսկ 1996-ին, մահէն երկու տարի ետք, կը հրապարակուին "Մեղաչանքի երգերը" Τα τραγούδια της αμαρτίας ։

1985-ին կը հիմնէ իր սեփական ձայնագրութեան ընկերութիւնը՝ "Սիրիոս" Σείριος․ նպատակն է հանրութեան ճանչցնել նոր արուեստագէտներ եւ երաժշտական յօրինումներ, հեռու առեւտրական չափանիշերէ։ Կը հրատարակէ "Քառորդը" Το Τέταρτο մշակութային պարբերաթերթը 1985-1986։

1989-ին կը հիմնէ "Գոյներու Նուագախումբը" Ορχήστρα των Χρωμάτων․ կը ձգտի ներկայացնել դասական եւ արդի երաժշտական գործեր նորարար մօտեցումով։ Խածիտաքիս մինչեւ 1993 կը ղեկավարէ "Գոյներու Նուագախումբը" ։ Այս ժամանակամիջոցին կու տայ 20 նուագահանդէսներ եւ 12 մենանուագներ յունական եւ միջազգային յայտագրով։

                                     

3. Մահը

Մանոս Խածիտաքիս աչքերը կը փակէ 15 Յունիս, 1994-ին։ Ինչպէս նախապէս փափաքած էր, անոր յուղարկաւորութեան ներկայ չեն գտնուիր հեռատեսիլի շրջուն աշխատախումբեր եւ լուսանկարիչներ։

                                     

4. Արտաքին յղումներ

  • Միքիս Թէոտորաքիս անգլերէն
  • Ռեպեթիքօ անգլերէն
  • Ժան Անուիյ ֆր.
  • Քարոլոս Քուն անգլերէն
  • Նիքոս Կացոս ֆր.
  • Ղիորղոս Սեֆերիս անգլերէն
  • Անկելոս Սիքելիանոս անգլերէն
  • Գոյներու Նուագախումբը Ορχήστρα των Χρωμάτων յուն.
  • Երբեք Կիրակի Օրը, ժապաւէն անգլերէն
  • Վասիլիս Ցիցանիս ֆր.
  • Յունական Թատրոնի եւ Պարի Միութիւն յուն.
  • "20-րդ դարու բեմապար" ֆր.
  • Յունական Երգի Փառատօն անգլերէն
  • Մարքոս Վամվաքարիս սպան․
  • Եաննիս Ցարուհիս անգլերէն
  • Յունական Ռատիոկայանի Երրորդ Յայտագիրը անգլերէն
  • Օտիսէաս Էլիթիս յուն.
  • Յունական Շարժապատկերի Փառատօն, 1960 յուն.
  • Մորիս Պեժառ անգլերէն
  • Սթելա ժապաւէն անգլերէն