Back

ⓘ Վերնատուն




Վերնատուն
                                     

ⓘ Վերնատուն

20-րդ դարու սկիզբը գոյութիւն ունեցած հայ գրական ակումբ, որ հիմնուած է 1899-ին Յովհաննէս Թումանեանի ջանքերով։ Վերնատան անդամները իրենց հանդիպումները կը կատարէին Թումանեանի բնակարանը, որ կը գտնուէր Թիֆլիսի Բեհրութեան փողոց № 44 վերջին՝ չորրորդ հարկը, ուրկէ եկած է իր անուանումը՝ "Վերնատուն":

Վերնատան մշտական անդամները շաբաթը մէկ-երկու անգամ հինգշաբթի և շաբաթ օրերը կը հաւաքուէին Յովհաննէս Թումանեանի տան մէջ զիրար տեսնելու եւ միասին զրուցելու։ Այս հանդիպումներու ընթացքին մեծ գրողները կը կարդային ու կը քննարկէին համաշխարհային գրականութեան դասական և նոր հեղինակներու գործերը, ինչպէս նաեւ իրենց գործերը կը ներկայացնէին ընդհանուր քննադատումի։ Վերնատունը գոյութիւն ունեցած է 7-8 տարի, սակայն անդամներու բացակայութեան պատճառով 1908-ի վերջաւորութեան ան դադրած է գոյութիւն ունենալէ։ "Վերնատունը" դարձած է "Հայ գրողներու կովկասեան ընկերութեան" հիմնաքարը,որ հիմնուած է 1922-ին, նախագահ ունենալով դարձեալ Յովհաննէս Թումանեանը:

                                     

1. Անդամներ

Վերնատան մշտական անդամներն էին՝

  • Ղազարոս Աղայեան
  • Լեւոն Շանթ
  • Նիկոլ Աղբալեան
  • Աւետիք Իսահակեան
  • Դերենիկ Դեմիրճեան
  • Յովհաննէս Թումանեան

Մշտական անդամներուն կողքին, զանազան առիթներով, Վերնատան հանդիպումներուն կը մասնակցէին նաեւ անուանի հայ գրողներ, արուեստագետներ, պատմաբաններ, լեզուաբաններ կամ գրականասէր մարդիկ, ինչպէս՝ Պերճ Պռոշեանը, Մուրացանը, Վրթանէս Փափազեանը, Կոմիտասը, նկարիչներ՝ Գէորգ Բաշինջաղեանը, Փանոս Թերլեմեզեանը։

                                     

2. Հիմնահարցեր

Վերնատան մէջ կը քննարկուէին․

  • Գրական և գրողներու կազմակերպութիւն հիմնելու խնդիրներ,
  • Գրականութեան տեսութեան խնդիրներ,
  • Տարբեր ազգերու պատմութեան խնդիրներ,
  • Գրական ընթացիկ կեանքին վերաբերող խնդիրներ։
  • Գրողի և քննադատութեան կապուած խնդիրներ,

Ըստ գրականագէտ Արամ Ինճիկեանի՝ Վերնատան մէջ կը քննարկուէր նաեւ՝

  • Գրականութեան ժողովրդայնութիւն։
  • Գրական նախորդներու վերագնահատութիւն,
  • Համաշխարհային դասական գրականութիւնը՝ որպէս ուղենիշ,
  • Ժողովրդական բանահիւսութիւնը՝ որպէս հիմք և ներշնչարան,
  • Հայ դասական գրականութեան արժեքներու գնահատանք և լաւագոյն աւանդոյթներու զարգացում,

Գրական նախորդներու վերագնահատութեան մասին Թումանեանը անդրադարձած է "Միքայել Նալպանտեանի յիշատակին" յօդուածին մէջ․ "Չէ՞ որ ամեն մի գրող ոչ այն ինչ է, եթե ոչ՝ իրենից առաջ եղածների ազդեցությունների համագումար՝մեկից շատ, մյուսից քիչ, որ ընդունում, հալում է իր ոգևորության հնոցի մեջ ու ձուլում, ձևակերպում իր ճաշակով" ։

                                     

3. Նկար "Վերնատան" մասին

Տիմիթրի Նալպանտեան գծած է "Վերնատունը" 1974-1976, ուր ներկայ են.

  • Եղիշէ Թադէոսեան, գեղանկարիչ 1870 - 1936
  • Ղազարոս Աղայեան 1840 - 1911
  • Աւետիք Իսահակեան 1875 - 1957
  • Պետրոս Ադամեան 1849 - 1891
  • Կոմիտաս 1869 - 1935
  • Ալեքսանդր Շիրվանզադէ 1858 - 1935
  • Դերենիկ Դեմիրճեան 1877 - 1956
  • Յովհաննէս Թումանեան 1869 - 1923
  • Մարտիրոս Սարեան 1880 - 1972
  • Ստեփան Լիսիցեան 1865 - 1947
  • Վարդգէս Սուրենեանց 1860 - 1921
  • Բանաստեղծ Յակոբ Յակոբեան 1866 - 1937
  • Վահան Տէրեան 1885 - 1920
  • Գէորգ Բաշինջաղեան 1857 - 1925

Նկարին մէջ նկարուած որոշ գործիչներ Վերնատան գոյութիւն ունեցած տարիներուն արդէն ողջ չէին։